Ի՞նչ է բիզնես գործընթացը կամ պրոցեսը

Ի՞նչ է բիզնես գործընթացը կամ պրոցեսը

Ցանկացած բարդ աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել այն այլ աշխատակիցների և մասնագետների հետ համատեղ: Իսկ երբ կատարվող աշխատանքը բարդ է կամ կատարվում է երկար ժամանակահատվածում, ապա այն իրականացնում են կազմակերպության`  համաձայնեցված աշխատող մի քանի ստորաբաժանումներ: Իրականում, ցանկացած կազմակերպության ստորաբաժանումներ, ինչպես նաև աշխատակիցներ, կատարելով որևէ աշխատանք, իրականացնում են որոշակի գործողություններ և գարծառույթներ, օգտվում են որոշակի ռեսուրսներից, ծախսում են ժամանակ և նրանց աշխատանքի արդյունքում ստացվում է որոշակի պրոդուկտ, որը  նախատեսված է ներքին կամ արտաքին սպառողին բավարարելու համար: Ընդ որում, ներքին սպառողը կարող է լինել մեկ այլ ստորաբաժանում կամ աշխատակից, իսկ արտաքին սպառողը՝ այդ պրոդուկտի գնորդը: Այն բոլոր կրկնվող և փոխկապակցված գործառույթները, գործողությունները և պրոցեդուրաները, որոնք առկա են կազմակերպություններում, կոչվում են բիզնես գործընթացներ կամ բիզնես պրոցեսներ: Բիզնես գործընթացների օրինակ կարող է լինել պոտենցիալ հաճախորդի պատվերը, նախահաշվարկը, պայմանագրերի և փաստաթղթերի համաձայնեցումը, նոր հաշվի բացումը, արտադրական պատվերի իրականացումը, արձակուրդայինի հաշվարկը, ապրանքի առաքումը:

Ձեռնարկությունների ամենատարբեր ստորաբաժանումներում բիզնես պրոցեսների ճշգրիտ նկարագրումը և կիրառումը հնարավորություն է տալիս լիարժեք կառավարել տեղի ունեցող գործընթացները կազմակերպության  ցանակացած օղակում՝  արտադրության, վաճառքի, սպասարկման,  մարքեթինգի, ֆինանսների, հաշվապահության և այլն: Բիզնես գործընթացների կիրառումը նաև հնարավորություն է տալիս կազմակերպության ղեկավարներին, ձերբազատվելով առօրյա օպերատիվ կառավարման բարդույթներից, կենտրոնանալ մի շարք ռազմավարական նշանակության հարցերի վրա:

<<Բիզնես-գործընթաց>> հասկացությունը բաղկացած է երկու տարրերից՝ բիզնես և գործընթաց: Գործընթացը դա որևէ փոխկապակցված գործողության տրամաբանական հաջորդականությունն է, որը փոխակերպում է մուտքային արդյունքը ելքայինի:

Այժմ գործընթացին ավելացնելով բիզնեսը. հնարավոր կլինի բիզնես-գործընթացները տարանջատել կազմակերպություններում ընթացող այլ  գործընթացներից: Գոյություն ունեն բիզնես-գործընթացի ամենատարբեր սահմանումներ, սակայն ամենատարածվածը Էրիքսոնինն է, ըստ որի՝ բիզնես-գործընթացը տրամաբանորեն փոխկապակցված, կրկնվող գործողությունների շղթա է, որի արդյունքում օգտագործվում են ձեռնարկության ռեսուրսները՝ օբյեկտի ֆիզիկական կամ վիրտուալ վերամշակման, որոշակի չափելի արդյունքի ձեռքբերման, արտաքին կամ ներքին սպառողներին բավարարելու նպատակով:

Ցանկացած ձեռնարկության բիզնես գործընթացները թվարկելու արդյունքում կունենանք մի քանի տասնյակ տողերից բաղկացած ցուցակ: Այդ իսկ պատճառով, առկա գործընթացների դասակարգումը հնարավորություն է տալիս կիրառել որոշակի խմբավորում և պարզեցում: Հաճախ բիզնես գործընթացները տարանջատում են երեք խմբի՝

Առաջնային-հիմնական. այն գործընթացներն են, որոնք ձեռնարկության համար  ստեղծում են հիմնական արժեքներ:

Աջակցող-օժանդակ. այս պրոցեսները չեն ստեղծում ձեռնարկության համար հիմնական արժեքներ, նրանք անհրաժեշտ են հիմնական բիզնես գործընթացների աշխատունակությունը ապահովելու համար: Օրինակ,  հաշվապահության կամ աշխատակազմի հետ կապված գործընթացները համարվում են օժանդակ:

Զարգացման բիզնես-գործընթացներ. դրանք այն գործընթացներն են, որոնք միտված են հիմնական պրոդուկտի կամ ծառայության, տեխնոլոգիաների զարգացմանը, սարքավորումների մոդիֆիկացիային: Վերջիններիս շարքին կարող են դասվել նաև ինովացիաների և գիտատեխնիկական ստորաբաժանումներում իրականացվող գործընթացները:

Սովորաբար, բիզնես-գործընթացները նկարագրելու և արտապատկերելու համար օգտագործում են ֆունկցիոնալ և օբյեկտային կողմնորոշված մոտեցումները, որոնց դեպքում հիմնական կառուցվածքային տարր է համարվում բիզնես-ֆունկցիան: Բիզնես-գործընթացների մոդելավորման դեպքում, օգտագործելով ֆունկցիոնալ մոտեցումը, բիզնես գործընթացը նկարագրվում է սխեմատիկ հաջորդական բիզնես ֆունկցիաների տեսքով, որոնց հետ կապված են նյութական և ինֆորմացիոն օբյեկտներ, ծախսվող ռեսուրսներ, փաստաթղթեր և այլն: Բիզնես-գործընթացների մոդելավորման ժամանակ անհարաժեշտ է ուշադրություն դարձնել բիզնես կանոնակարգերին, որոնք առաջացնում են որոշակի սահմանափակումներ, կապված՝ կորպորատիվ ռազմավարության, պետական օրենքների, օպերացիոն և կառուցվածքային սահմանափակումների և այլնի հետ: Բիզնես-գործընթացները սովորաբար նկարագրվում են բլոկ-սխեմաների տեսքով: Բլոկ-սխեման հնարավորություն է տալիս յուրաքանչյուրի համար հասկանալի տեսքով արագ և պատկերավոր ցուցադրել բիզնես գործընթացների քայլերի հաջարդականությունը, սակայն բլոկ-սխեման հնարավորություն չի տալիս նկարագրել բիզնես-ֆունկցիաների ամենափոքր բաղկացուցիչ տարրերը:

Բիզնես պրոցեսի ճիշտ նկարագրված մոդելը պետք է կարողանա պատասխանել հետևյալ հարցերին՝

 

  • Ի՞նչ պրոցեդուրաներ /ֆունկցիա, աշխատանք/ են անհրաժեշտ՝ տրված վերջնական արդյունքին հասնելու համար:
  • Ինչպիսի՞ հեթականությամբ են կատարվում այդ պրոցեդուրաները:
  • Վերահսկման ինչպիսի՞ մեխանիզմներ են առկա դիտարկվող բիզնես-պրոցեսի շրջանակներում:
  • Ո՞վ է կատարում գործընթացի պրոցեդուրաները:
  • Ինչպիսի՞ մուտքային փաստաթղթեր և  է օգտագործում գործընթացի յուրաքանչյուր պրոցեդուրա:
  • Ինչպիսի՞ ելքային փաստաթղթեր կամ տեղեկատվություն է գեներացնում գործընթացի պրոցեդուրան:
  • Ինչպիսի՞ ռեսուրսներ են անհրաժեշտ գործընթացի յուրաքանչյուր պրոցեդուրայի իրականացման համար:
  • Ինչպիսի՞ պարամետրեր են բնութագրում կատարումը:

 

   Բիզնես-գործընթացների ավտոմատացումը իրականացվում է հատուկ՝ CRM և ERP համակարգերի կիրառման միջոցով, որտեղ ներդրվում է աշխատանքային հոսքերի կառավարման ենթահամակարգ /Workflow Management System/, որը հնարավորություն է տալիս ծրագիրն օգտագործողին հատուկ գրաֆիկական ինտերֆեյսի միջոցով կառուցել բիզնես-գործընթացը նկարագրող սխեմաներ: Բիզնես-գործընթացների գրագետ նկարագրումը և կառավարման համակարգերում ներդրումը հնարավորություն է տալիս ինչպես բարձրացնել կառավարման արդյունավետությունը, այնպես էլ պահպանել վերջնական պրոդուկտի կամ մատուցվող ծառայության որակը, խնայել ժամանակը և ռեսուրսները:

Բիզնես- գործընթացների նկարագրման և ներդրման հարցերով կարող եք դիմել նաև Դավ Սոլուշնզ խորհրդատվական և թրեյնինգային ընկերությանը:

 

Ավելին կարող եք կարդալ՝

Share