Բիզնեսի ավտոմատացում ինչպես ընտրել ճիշտ կառավարման համակարգ
Բիզնեսի ավտոմատացումը բիզնեսի կառավարման և զարգացման ամենաարդիական միտումներից է: Մասնագիտացված ծրագրային ապահովումը թույլ է տալիս ավտոմատացնել ձեռնարկությունը: Ավտոմատացվում են բազմաթիվ բիզնես պրոցեսներ, ինչի շնորհիվ տվյալ բիզնեսի ղեկավարությունն ու սեփականատերերը կրճատում են գործառնական ծախսերը, մեծացնում շահութաբերությունը, շոշափելի արագացնում բիզնես գործընթացները, ինչպես նաև մեծացնում կազմակերպության կառավարման արդյունավետությունը:
Ցանկացած կազմակերպություն, որը կիրառում է բիզնեսի ավտոմատացում կամ կառավարման ավտոմատացված համակարգեր, ստանում է անվիճելի առավելություններ մրցակիցների համեմատ: Մրցակցային առավելությունները, սակայն, պայմանավորված են, թե որքանով է արդյունավետ ներդրված ավտոմատացված համակարգը և որքանով են արդյունավետ կիրառվում ներդրված ծրագրային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները, ինչպես նաեւ` որքանով է գրագետ ներդրված և նկարագրված առկա բիզնես պրոցեսները տվյալ ավտոմատացված համակարգում:
Այսօր ՀՀ շուկայում առկա են բիզնեսի ավտոմատացման համար ծրագրային փաթեթներ առաջարկող բազմաթիվ ընկերություններ: Առկա ծրագրային լուծումների առաքելությունը մեկն է՝ բիզնեսի ավտոմատացումը: Սակայն, ինչպես ընդունված է ցանկացած շուկայական հարաբերություններում, այստեղ նույնպես առկա են բազմաթիվ անբարեխիղճ IT մատակարար ընկերություններ: Բիզնեսի ավտոմատացման համար IT լուծումներ առաջարկող ընկերությունների բավականին ստվար զանգված առաջարկում է արտասահմանից ներմուծված, որոշակիորեն փոփոխված ամենատարբեր լուծումեր: Օրինակ, հաշվապահության, առևտրի և պահեստների կառավարման, հաճախորդների հարաբերությունների կառավարման CRM, մարդկային ռեսուրսների կառավարմ HR և այլ ավտոմատացված համակարգեր և լուծումներ: Սակայն այդ ներմուծված ծրագրային համակարգերը, ներդրման և ծրագրային սպասարկման պարագայում, բախվելու են մեծ ռիսկերի, օրինակ, օրենսդրության և լեզվական լոկալիզացիայի, այլ համակարգերի և տեխնոլոգիաների հետ ինտեգրման և այլն: Ներկրված լուծումները, սովորաբար, ունենում են որոշակի ճկունություն, նաև ենթադրում են փոփոխություններ հնարավորություն և հարմարեցում հաճախորդների պահանջներին: Սակայն կա մի սահման, որն այդ համակարգերը սովորաբար չեն կարողանում անցնել. ճկունության սահմանները որոշում է արտադրող ընկերությունը, որը գտնվում է արտասահմանում: Օրինակ, եթե օտարերկրյա մատակարարը իր արտադրած ծրագրային փաթեթում չի ներդրել SMS կամ e-mail հաղորդագրություններ ուղարկելու ֆունկցիոնալը, ապա վերավաճառող ընկերությունները ի զորու չեն լուծել այդ խնդիրը: Այդպես էլ պատահում է շատ դեպքերում. Ծրագիրը ներդնելու ժամանակ, երբ բանը հասնում է հաղորդագրություն ուղարկելուն, հատկապես ռուսական լուծումներ վերավաճառողները ստիպված են …….. լավագույն դեպքում առաջարկել ձեռք բերել մեկ այլ համակարգ, որը excel-ի կամ xml շլյուզների կամ կամուրջների միջոցով կապվում է անվանական SMS հաղորդագրություններ ուղարկող ծրագրային համակարգին, իսկ գնորդը ստիպված է լինում վատնել չպլանավորված միջոցներ, սա բազմաթիվ օրինակներից միայն մեկն էր:
Անբարեխիղճ վերաբերմունքի մեկ այլ դրսեւորում նկատեցի վերջերս, երբ տեղական մեկ ուրիշ IT ընկերություն առաջարկում է, բոլորիս հայտնի արտասահմանյան CRM համակարգի հիմքով, մարդկային ռեսուրսների կառավարման կամ աշխատակազմի կառավարման HR համակարգ: Կարծում եմ կհամաձայնեք, որ CRM-ը և HR-ը տարբեր բիզնես գաղափարներ են. այնպես, ինչպես տանձը և խնձորը, նրանց միակ ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ միրգ են և աճում են ծառի վրա: Անբերեխիղճ ընկերության համար, թերեւս, տանձն էլ վատ խնձոր չէ` չեղած տեղը: Ճիշտ է, այս պարագայում որոշ հարցեր <<տանձը>> կլուծի. օրինակ, կարելի է գրանցել աշխատակիցների տվյալները, նախասիրությունները, նաև նախկին կապերը: Բայց չէ որ տանձը խնձոր չի դառնա և չի կարողանա գեներացնել աշխատանքային տաբել, ֆիկսել այնպիսի ՄՌ գործառույթներ, ինչպիսիք են հաճախումները, արձակուրդայինը, գործուղումը, անաշխատունակությունը, էլ չեմ ասում` ինտեգրվել, ասենք, որևէ մուտքի/ելքի սարքավորման և այլն: Այսպիսի դեպքերում ոլորտի մասնագետներն ասում են` շուկան անցումային փուլում է, դեռ հույսեր կան…
Ավտոմատացված համակարգեր ներդնելիս` ընկերությունները նաև պետք է ուշադրություն դարձնեն ԻՏ ընկերության փորձին. արդյոք ապագա մատակարարը իրականացրել է ոլորտային լուծումներ, ունի արդյոք պատկերացում այն բիզնես պրոցեսների վերաբերյալ, որոնք առկա են Ձեր ոլորտում: Օրինակ, եթե Ձեր կազմակերպությունը ատամնաբուժական կլինիկա է, ապա անհրաժեշտ կլինի հաշվառել ոչ միայն վաճառված ծառայությունը և գնորդի պարտքերը, այլև հիվանդների գրանցումների օրացույցը. հերթագրումները, ախտորոշումը, իրականացված բուժ. պրոցեդուրաները, նաև, թե որ համարի ատամի որ մակերևույթն է բուժվել և բուժման ինչ եղանակ է կիրառվել: Բուժման ամբողջ պատմությունը ճիշտ կլինի արտապատկերել դենտալ քարտեզի վրա` հաճախորդին հետագայում ներկայացնելու և բժշկի հետագա աշխատաժամանակը խնայելու նպատակով: Ինչպես նաև, վատ չէր լինի, որ կիրառվեին որոշակի մարքեթինգային CRM գործիքներ. օրինակ, եթե ախտորոշվել է կարիես, բուժվողը հերթագրվել է, բայց չի եկել բուժման, ապա որոշակի ժամանակ անց համակարգը կարճ հաղորդագրության միջոցով ավտոմատ կերպով ուղարկում է հետևյալ տեքստը <<Հարգելի Ա. Վարդանյան մենք մտահոգված ենք Ձեր առողջական խնդրով. ախտորոշման ընթացքում պարզվել էր, որ Ձեր 14 համարի ատամը ունի կարիես եւ դուք չեք ներկայացել: Հուսով ենք, ամեն ինչ նորմալ է և դուք ուղղակի մոռացել էիք: Կրկին հիշեցնում ենք և սպասում Ձեր արձագանքին: Եվս երկու ամիս բուժումը ուշացնելու դեպքում կարող է առաջանալ ատամի հեռացման վտանգ: Հարգանքով` բժիշկ Մինասյան>>:
Բիզնեսի ավտոմատացման արդյունքում գործարարը ակնկալում է բարձրացնել ձեռնարկության կառավարման արդյունավետությունը, ստանալ որոշակի նյութական և ոչ նյութական դիվիդենտներ: Սակայն, բացի ծրագրային փաթեթի արժեքից, պետք է հաշվի առնել նաեւ այն ժամանակը և ռեսուրսը, որ վատնում է ավտոմատացման գործընթաց սկսող ընկերությունը: Իսկ անհաջողության դեպքում կորուստները կարող են լինել ավելին, քան նախապես կարելի էր պատկերացնել: Այդ իսկ պատճառով, ամփոփելով նշենք, որ եթե ցանկանում եք օգուտ ստանալ բիզնեսի ավտոմատացումից, պետք չէ շտապել կառավարման ավտոմատացված համակարգ ընտրելիս: Չի կարելի կողմնորոշվել միայն ցածր գնով , պետք է ուշադրություն դարձնել բոլոր բիզնես գործընթացների և ասպեկտների վրա. եթե, օրինակ, պետք է ներդնեք CRM համակարգ, ինչպես է համակցվելու առկա համակարգի հետ, նույնիսկ հաշվի առնել հնարավոր բոլոր ռիսկերը` ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական ընդլայնման դեպքում:
Ավելին կարող եք կարդալ՝
· Ի՞նչ է բիզնես գործընթացը կամ պրոցեսը
· HR Մարդկային ռեսուրսների կառավարում և ՄՌ ստորաբաժանման ավտոմատացում
· Բիզնեսի կառավարում KPI Արդյունավետության առանցքային ցուցանիշներ
· Բիզնեսի ավտոմատացված կառավարում ERP համակարգեր
· Ինչպես կառավարել բիզնեսը արդյունավետ
· CRM համակարգերի ներդրում. Ինչպե՞ս իրականացնել ներդրումն արդյունավետ
Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր
- Ժամանակի հաշվառում
- Մոբայլ առևտրի համակարգ
- Ավելացրեք օնլայն վաճառքները