SaaS solutions. Ի՞նչ է այն և ի՞նչ առավելություններ ունի

23
Jul.
2021
Tigran Manukyan

Ոչ հեռավոր անցյալում՝ մոտ 20 տարի առաջ, մարդիկ ծանոթներ էին փնտրում, որպեսզի գտնեին և համակարգչում տեղադրեին իրենց անհրաժեշտ ծրագրերը: Այսօր, բարեբախտաբար, կան SaaS լուծումները, որոնք ազատում են մեզ տարբեր քաշքշուքներից, տվյալները կորցնելու վտանգից և այլ անկանխատեսելի սցենարներից: Իսկ ի՞նչ է SaaS-ը, ինչպե՞ս է աշխատում և ի՞նչ առավելություններ ունի ավանդական ծրագրակազմերի նկատմամբ:

Ի՞նչ է SAAS-ը

Այս հարցին կարելի է կարճ նման բացատրություն տալ՝ ծրագիր, որտեղ օգտատերերն աշխատում են պատրաստի լուծումով՝ օնլայն հարթակում: Իսկ ավելի մանրամասն՝ software as a service (SaaS)- հայերեն թարգմանաբար՝ ծրագրային ապահովումը որպես ծառայություն կամ software on demand - ծրագրային ապահովումը ի պահանջ: Այս մոդելն իր օգտատերերի համար ունի պատրաստի ծրագրային ապահովման համակարգ, որը գտնվում է ոչ թե ֆիզիկական կրիչի վրա, այլ՝ ամպային միջավայրում: Մատակարարը ինքն է կառավարում և սպասարկում համակարգը, իսկ օգտատերը, ունենալով հասանելիություն բոլոր գործառույթներին, մուտք է գործում ծրագիր բրաուզերի կամ հեռախոսային հավելվածի միջոցով: SaaS լուծումներով հայտնի համաշխարհային ծրագրերի  օրինակ են՝ Microsoft 365, Google apps, Dropbox, Amazon, Slack, SugarCRM, Bitrix ընկերությունները: Եկեք հասկանանք, թե որոնք են SaaS-երի առավելությունները և ինչու ընտրել այս ծրագրերը:

SaaS-ի առավելությունները

  • Թարմացումներ՝ հեշտ և արագ. ի տարբերություն ավանդական ծրագրային ապահովման ծրագրերի (որոնց թարմացումները պետք է կատարել յուրաքանչյուր սարքավորումներում), SaaS լուծումներով ծրագրերը կարող են թարմացվել սերվերից՝ կենտրոնացված կերպով:
  • Սարքավորման ապահովում. սերվերից գործարկվող ծրագրային ապահովման շնորհիվ, համակարգիչները հարկավոր չէ առանձին թարմացնել և համապատասխանեցնել որոշ պահանջների կամ չափանիշների:
  • Նվազագույն ծախսեր. բաժանորդագրության մոդելն ընտրելիս, ձեռնարկությունների համար ձեռքբերման հավելյալ ծախսերը նվազեցվում են: Բացի այդ, հարկ եղած դեպքում օգտատերերը կարող են ամեն ամիս ավելանալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում բիզնեսը կարողանա ընդլայնվել:
  • Արագ տեղադրում. քանի որ հարկ չկա ծրագրակազմը տարբեր համակարգիչներում տեղադրելու և կարգավորումներ անելու, SaaS-ի տեղադրումն ավելի արագ է:
  • Հասանելիություն՝ ամենուր. SaaS-ի համակարգին հասանելիություն ստանալու համար միայն հարկավոր է համացանցին միացված համակարգիչ և բրաուզեր, ինչը թույլ կտա դուրս գալ համակարգ աշխարհի ցանկացած կետից: Բացի այդ, օգտատիրոջ տվյալները պահպանվում են ամպային միջավայրում և օգտատիրոջ համակարգչի հետ կապված չեն, ինչն էլ հեշտացնում է նաև այլ օգտատերերի հետ համագործակցությունը:

Հայաստանում առաջին SaaS լուծումները ստեղծվել են դեռևս 1990-ականներին: Այսօր արդեն մի շարք հայկական ընկերություններ առաջարկում են հետաքրքիր SaaS լուծումներով ծրագրեր, որոնք իրենց ուրույն և արժանի տեղն են զբաղեցնում ոչ միայն հայկական, այլև համաշխարհային շուկայում: Դրանցից են՝ Ucraft, Zangi, Hoory, Bonee, և մի շարք այլ համակարգեր:

Share