Ինչ է բիզնես պրոցեսը
Կազմակերպության ստեղծման պահից այդտեղ սկսում են ընթանալ որոշակի պրոցեսներ կամ գործընթացներ, որոնք ուղղված են տարատեսակ նպատակների իրագործմանը. օրինակ, հաճախորդներին ապրանք կամ ծառայության տրամադրելուն: Որքան խոշոր է կազմակերպությունը, այնքան բարդ և խճճված են բիզնես պրոցեսները: Հիմնականում, առաջացող գործընթացները օպտիմալ չեն, որը հանգում է ռեսուրսների ոչ արդյունավետ վատնման, իսկ ռեսուրսները, ցավոք, գրեթե միշտ սահմանափակ են:
Փորձենք նախ հասկանալ՝ ինչ է բիզնես պրոցեսը կամ բիզնես գործընթացը և ինչպես է սահմանվում: Բիզնես պրոցեսը դա պարբերաբար կրկնվող և փոխկապակցված միջոցառումների շարք է /գործողություններ, գործառությներ, օպերացիաներ/, որի իրականացման դեպքում օգտագործվում են որոշակի ռեսուրսներ /հումք, նյութ, ժամանակ, էներգակիրներ, մարդկային ռեսուրս և այլն/ և ստեղծվում է որոշակի արդյունք կամ արժեք սպառողի համար: Սպառողը կարող է լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Ընդ որում, ներքին սպառող կարող է լինել միևնույն կամ այլ ստորաբաժանման աշխատակից, իսկ արտաքին սպառող՝ գնորդը, գործընկերը, պոտենցիալ հաճախորդը, մատակարարը և այլն:
Ռեստորանային գործունեության օրինակի վրա դիտարկենք ճաշատեսակի պատրաստման և մատուցման գործընթացը. այստեղ կարելի է առանձնացնել փոխկապակցված երկու պրոցես, առաջինը՝ պատվերի ստացում խոհանոց և ուտեստի պատրաստում, իսկ երկրորդը՝ մատուցում: Ճաշատեսակի պատրաստման ժամանակ խոհարարն իրականացնում է բազմաթիվ օպերացիաներ և գործողություններ, ծախսում է մթերք, բնական գազ, և օգտագործվում են խոհարարի և օգնականաի ռեսուրսները: Պրոցեսի ելքում, որպես արդյունք կամ արժեք, ուտեստն է, իսկ սպառողը այս դեպքում ներքին է՝ մատուցողը: Պատրաստի ուտեստի մատուցումը մեկ այլ բիզնես գործառույթ է, որի սպառողը արտաքին է՝ ռեստորանի հաճախորդը, որի համար ստեղծվել է որոշակի արժեք: Իսկ արժեքը ստեղծելու համար օգտագործվել է ճաշատեսակը, ափսեն և մատուցողի ծախսած ժամանակը:
Եթե փորձենք հաշվառել, նույնիսկ փոքր ընկերությունում ընթացող բիզնես գործընթացները մի քանի տասնյակից ավելի են: Այդ իսկ պատճառով, բիզնես պրոցեսները խմբավորվում են՝ կարևորն անկարևորից տարանջատելու նպատակով: Բիզնես պրոցեսները սովորաբար բաժանվում են երեք խմբի. առաջնային-հիմնական, աջակցող-օժանդակ և զարգացման: Սկզբունքորեն, կազմակերպության համար անկարևոր գործընթացներ չկան, կան պրոցեսներ, որոնք կարևոր չեն սպառողի համար, սակայն առանց դրանց ընկերությունը չի կարողանա գործունեություն ծավալել: Առաջանում են նաև այնպիսի բիզնես գործընթացներ, որոնք ավելորդ են և անհրաժեշտ չեն ոչ արտաքին, ոչ ներքին սպառողին, ոչ էլ կազմակերպությանը: Շուկայի փոփոխության, նոր ապրանքի կամ ծառայության առաջացման, ինչպես նաև որոշակի ներքին օպտիմալացման դեպքում անհրաժեշտություն է առաջանում արդեն առկա և նկարագրված բիզնես պրոցեսները բարելավել, ինչպես նաև վերակառուցել տարբեր բիզնես պրոցեսներ: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ բիզնես պրոցեսները, սովորաբար, կառավարում են ավտոմատացված կերպով: Բիզնես գործընթացների ավտոմատացված կառավարման համար օգտագործվում են տարբեր ծրագրային համակարգեր, ծրագրեր, կամ հատուկ ծրագրային փաթեթներ, մոդուլներ՝ CRM, BPM, WMS, Trade, ERP որտեղ նկարագրված է լինում այս կամ այն բիզնես պրոցեսը և այն հաջորդական քայլերը, որոնք պետք է իրականացնի աշխատակիցը վերջնական արդյունքին հասնելու համար: