Մարդկային ռեսուրսների կառավարում

Մարդկային ռեսուրսների կառավարում

 

Մարդկային ռեսուրսների կառավարումը աշխատակազմի կառավարման մոտեցում է, որի դեպքում աշխատակիցները դիտարկվում են որպես առավելապես թանկ ռեսուրս մրցակցային պայքարում, որոնց անհրաժեշտ է մոտիվացնել և զարգացնել՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար: Շատ ընկերություններում կազմակերպությունների ղեկավարներն ուշադրությունը կենտրոնացնում են արտադրության, ֆինանսների կառավարման և մարքեթինգի վրա` այն դեպքում, երբ ձեռնարկությունների կառավարման այնպիսի կարևոր բաղկացուցիչներ, ինչպիսիք են մարդկային ռեսուրսները, շարունակում են մնալ թույլ օղակ կառավարման ընդհանուր համակարգում:

Մարդիկ ցանկացած կազմակերպության ամենակարևոր ռեսուրսն են: Հենց իրենք են ստեղծում նոր ռեսուրսներ, կուտակում և օգտագործում ֆինանսական ռեսուրսներ, վերահսկում որակը: Մարդիկ ունակ են անընդհատ զարգանալ և կատարելագործվել, նրանց հնարավորություններն անսպառ են՝ այն դեպքում, երբ մնացած բոլոր ռեսուրսները սահմանափակ են:

Զարգացած երկրներում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ արդեն հրաժարվում են <<Մարդկային ռեսուրսներից>> և փոխարինում են տերմինը <<Մարդկային կապիտալով>>, նկատի ունենալով, որ ռեսուրսը ենթադրում է մաշվելու և ավարտվելու, իսկ կապիտալը շատանալու և աճելու հատկություն: Կազմակերպության մարդկային կապիտալը բաղկացած է այդտեղ աշխատող մարդկանցից, որոնցից և կախված է տվյալ բիզնեսի հաջողությունը:

Մարդկային ռեսուրսների կառավարումը համարվում է կազմակերպության ռազմավարական զարգացման անբաժանելի մասը:

Մարդկային ռեսուրսների կառավարումը կազմակերպության կառավարման ամենակարևոր ոլորտներից է, որի գործունեության արդյունքում համակցվում են դրա մի քանի բաղկացուցիչներ՝

  • Մարդկային ռեսուրսների փիլիսոփայությունը՝ նկարագրելով մարդկային ռեսուրսների կառավարման արժեքներն ու սկզբունքները:
  • Մարդկային ռեսուրսների ռազմավարությունը՝ առաջնորդելով ընթացքը:
  • Մարդկային ռեսուրսների քաղաքականությունը՝ սահմանելով, թե ՄՌԿ-ի որոշ ոլորտներում ինչպես է պետք կիրառել տվյալ արժեքները, սկզբունքները և ռազմավարությունը:
  • Մարդկային ռեսուրսների գործընթացը՝ բաղկացած պաշտոնական ընթացակարգից և մեթոդներից, որոնք կիրառվում են ՄՌ ռազմավարական ծրագրերն ու քաղաքականությունը իրագործելու նպատակով:

Մարդկային ռեսուրսների կառավարումը  կառավարման պրոցեսի այն մասն է, որը յուրաքանչյուր կազմակերպությունում կենտրոնանում է մարդկանց աշխատանքի մեջ: ՄՌԿ-ի ընդհանուր նպատակն է հասնել հաջողության մարդկանց միջոցով՝ բարելավելով աշխատողի կատարողականությունն ու խթանելով կազմակերպչական արդյունավետությունը: Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար լավագույն գործիքը HR  աշխատակազմի կառավարման ավտոմատացված համակարգն է, որը թույլ է տալիս վերահսկել աշխատակիցների հաճախումները, զբաղվածության արդյունավետությունը, գիտելիքների աճը, աշխատավարձերը, պարգևատրումները, նկատողությունները և բազմաթիվ այլ կիրառական դրույթներ:

Մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական գործառույթներն են՝

  1. անձնակազմի հավաքագրում և հարմարեցում /ադապտացում/,
  2. անձնակազմի գնահատում,
  3. անձնակազմի վերապատրաստում և զարգացում,
  4. կարիերայի պլանավորում,
  5. աշխատանքի ընթացքի նախագծում և վերլուծություն,
  6. ռազմավարական պլանավորում,
  7. ներքին աշխատանքային հարաբերությունների կարգավորում,
  8. անվտանգության ապահովում,
  9. աշխատանքային պրոցեսների նախագծում և վերլուծություն,
  10. աշխատանքային խմբերի կազմում (team building),
  11. աշխատանքի նկարագրություն,
  12. աշխատանքային փաստաթղթերի կազմում,
  13. KPI արդյունավետության առանցքային ցուցանիշներ:

Մարդկային ռեսուրսների կառավարման ողջ համակարգի միջուկը կազմակերպության կադրային քաղաքականությունն է, որը ներառում է սկզբունքների, հիմնական մոդելների, նպատակների և պատկերացումների ամբողջությունը, որոշում է /կամ կանխորոշում/ կադրերի հետ աշխատանքի բովանդակությունը և ուղղությունը երկարատև հեռանկարում:

Մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրները որոշակի գործողություններ  են, որոնք պետք է կատարվեն՝ գլխավոր նպատակին հասնելու համար:

Առանձնացնում են մարդկային ռեսուրսների կառավարման հետևյալ հիմնական խնդիրները՝

  • անձնակազմի հանդեպ պահանջների որոշում և կազմակերպությանը բարձրորակ կադրերով ապահովում,
  • աշխատակիցների անընդհատ ուսուցում,
  • աշխատակազմի գնահատում
  • աշխատակազմի արդյունավետության կառավարում
  • կազմակերպական զարգացում:

Որպես եզրակացություն կարելի է նշել, որ մարդկային ռեսուրսների կառավարման նպատակը մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է՝ նրանց ունակություններից և հմտություններից մաքսիմալ արդյունավետություն ստանալով, որի դեպքում աշխատակիցներն էլ կստանան առավելագույն բավարարվածություն իրենց աշխատանքից:

 

 
Share