ABC վերլուծություն: Բիզնեսի արդյունավետ կառավարում
ABC վերլուծությունը (ABC-analysis) հնարավորություն է տալիս որոշել ընկերության` համախառն վաճառքի և համախառն շահույթի տեսանկյունից առավել կարևոր ռեսուրսները:
Մարքեթինգում առավել շատ օգտագործվում է արտադրատեսակների ABC վերլուծությունը: Այն թույլ է տալիս որոշել ոչ շահութաբեր կամ քիչ շահութաբեր ապրանքների խմբերը, ժամանակին բարելավել և օպտիմալացնել արտադրատեսակների փաթեթը:
ABC վերլուծության նպատակը շահույթի կամ վաճառքի մեջ ներդրում ունենալու տեսանկյունից ցանկացած ռեսուրսի պարզ, հարմար և ինտուիտիվ դասակարգումն է: Նման դասակարգման շնորհիվ կարելի է ճիշտ որոշել առաջնահերթ գործունեությունը, կենտրոնացնել ընկերության սահմանափակ ռեսուրսների օգտագործումը, բացահայտել ռեսուրսների չափից ավելի օգտագործումը և ժամանակին ձեռնարկել ուղղիչ միջոցառումներ:
Ցանկալի է պարբերաբար իրականացնել ABC վերլուծություն, ինչպես նաև ռազմավարական ճիշտ որոշումների կայացման համար այս մեթոդի արդյունքները ցանկալի է նայել մի քանի ժամանակաշրջանի դինամիկայի մեջ: Քանի որ ABC վերլուծության ժամանակ գործ ենք ունենում հսկածավալ ինֆորմացիայի հետ, ուստի անհրաժեշտություն է առաջանում կիրառել այնպիսի համակարգեր, ինչպիսիք են CRM հաճախորդների կառավարման ավտոմատացված համակարգը, առևտրի և պահեստների կառավարման համակարգը և այլն:
ABC վերլուծության առավելությունը նրա պարզության և ունիվերսալության մեջ է, իսկ սահմանափակումները կապված են մեթոդի չափազանց մաթեմատիկական լինելու հետ, որի պատճառով երբեմն հնարավոր է հաշվի չառնվեն ընկերության ռազմավարական նպատակները:
ABC վերլուծության հիմքում ընկած է <<Պարետոյի օրենքը >> ` 20% ջանքերն ապահովում են 80% արդյունք:
ABC վերլուծության հիման վրա վերլուծության ենթակա ռեսուրսները բաժանում են 3 խմբի` A, B, C:
- A խումբը ապահովում է 80% շահութաբերություն և, սովորաբար, կազմում է ամբողջ ռեսուրսի 15-20%-ը,
- B խումբը ապահովում է 15% շահութաբերություն և, հիմնականում, կազմում է բոլոր ռեսուրսների 35-20%-ը,
- C խումբը ապահովում է 5% շահութաբերություն և, հիմնականում, կազմում է բոլոր ռեսուրսների 50-60%-ը:
Այս խմբերի սահմանները յուրաքանչյուր ընկերության համար անհատական են և կարող են փոփոխվել:
ABC վերլուծությունը` շնորհիվ իր ունիվերսալության, ունի լայն կիրառություն տարբեր ոլորտներում: Այն կարող է կիրառվել ռազմավարական կառավարման, բյուջեի պլանավորման, բաժնետոմսերի կառավարման մեջ: Կարելի է կատարել
- Ընկերության ամբողջ տեսականու կամ առանձին ապրանքանիշի ABC վերլուծություն,
- Ընկերության պահուստների ABC վերլուծություն
- Պաշարների և ձեռքբերվող նյութերի ABC վերլուծություն
- Հաճախորդների կամ սպառողների խմբերի ABC վերլուծություն,
- Մատակարարների ABC վերլուծություն
- Ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության կամ աշխատանքային ռեսուրսների ABC վերլուծություն
- Բյուջեի, ներդրումների կամ ծախսերի ABC վերլուծություն,
- Վաճառքների ABC վերլուծություն
Բոլոր ապրանքները ABC խմբերի բաժանելուց հետո յուրաքանչյուր ապրանքի խմբի համար ձևավորվում է որոշում: ABC վերլուծության արդյունքում կարող են առաջանալ եզրակացությունների հետևյալ ուղղությունները.
- A խումբ: Ամենակարևոր ռեսուրսները, որոնք բերում են առավելագույն շահույթ կամ վաճառք: Այս խմբի արդյունավետության կտրուկ նվազումը ընկերությանը կպատճառի մեծ կորուստներ, հետևաբար A խմբի ռեսուրսները պետք է խիստ վերահսկվեն, ճշգրիտ կանխատեսվեն, լինեն առավելագույնս մրցունակ և չկորցնեն իրենց ուժեղ կողմերը:
- B խումբ: Ռեսուրսների խումբ, որն ապահովում է ընկերության ստաբիլ վաճառք կամ շահույթ: Տվյալ ռեսուրսները նույնպես կարևոր են ընկերության համար, բայց կարող են հսկվել ավելի հանգիստ ու չափավոր տեմպերով: Ընկերության այս խմբի ռեսուրսների մեջ ներդրումները զգալի չեն և անհրաժեշտ են միայն գոյություն ունեցող մակարդակը պահպանելու համար:
- C խումբ: Ընկերության համար ամենաքիչ կարևոր խումբն է: Հիմնականում այս խմբի ռեսուրսները ընկերությունը քաշում են ներքև կամ չեն բերում շահույթ: Այս խմբի վերլուծության ժամանակ պետք է լինել շատ ուշադիր և առաջին հերթին հասկանալ փոքր ներդրումների պատճառը:
Ավելին կարող եք կարդալ՝
Business management automation softwares
- Dental clinic
- MER Pharmacy
- Restaurant MS
- Time Tracker
- Mobile commerce system
- Paying customers with JivoChat